ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

«Գրադարանային գործ» բաժին

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ Գրադարանի աշխատանքի նոր կազմակերպում

                                                                               Ուսանող՝   Գոհար Թարվերդյան

                                                                  Ղեկավար՝ Թամար Ղահրամանյան

Երևան 2023

Բովանդակություն

Ներածություն

ԳԼՈՒԽ 1

 1․1 Գործունեության պլանավորում, գրադարանի վիճակը, խնդիրները

 1.2  Գրադարանի գործունության պլանավորում, սկզբունքներ, մեթոդներ

1.3 Պլանների տեսակները

ԳԼՈՒԽ 2

2․1Գրադարանի աշխատանքը

2.2 Քայլ առաջ դեպի ընթերցանություն կամ ինչպես երեխային դարձնել ընթերցող

2.3 Դպրոցի գրադարանի զարգացում, և պայմանների ստեղծում

2.4  Աշակերտ, գրադարանավար, ուսուցիչ կապը

Եզրակացություն

Գրականության ցանկ

                                                   Ներածություն

Այսօր առանձնահատուկ ուշադրություն է դարձվում յուրաքանչյուր գրադարանի ՝ օգտատերերի տեղեկատվական կարիքները բավարարելու կարողությանը։ Գրադարանը ոչ միայն այն վայրն է, որտեղ պահվում են գրքերը, որոնք, ժամանակի և տարածության մեջ փոխանցելով ապագա սերունդներին, որոշակի մշակութային արժեք են ներկայացնում այդ սերունդների համար, այլև այն այսօր արդեն ավելի շուտ հանդես է գալիս որպես տեղեկատվական կենտրոն  օգտտվողերի համար: Ժամանակակից գրադարանի խնդիրը ոչ միայն ընթերցողի պահանջը բավարարելն է, այլ նաև հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել՝ հետևելով համապատասխանության սկզբունքին։ Ասել է թե աշխարհի քաղաքների, երկրների  մարդկանց, ողջ բնակչության մշակույթի ամբողջ գործընթացը կախված է գրադարանի մատուցած ծառայությունների որակից և արդյունավետությունից, ավելի ու ավելի շատ ընթերցողներ ներգրավելուց:

Այսօր գրադարանում նոր ընթերցողներ ու օգտվողներ ներգրավելը նրա գործունեության ամենաառաջնակարգ խնդիրներից մեկն է: Վերջերս գրադարանի դիրքը հասարակական կյանքում նկատելիորեն նվազել է, պատճառն այն է, որ այժմ նրա հիմնական դերը դարձել է  հատուկ գիտելիքներ հավաքելն ու նեղ մասնագիտություններին վերաբերող աղբյուրների հետ աշխատանք կազմակերպելը, ինչպիսիք են տեղական գիտությունը, մատենագիտական աջակցությունը և կրթական գործունեությունը: Գրադարանը՝ որպես մշակութային հաստատություն, ունի մի շարք առանձնահատկություններ. տեղեկատվության փոխանցման և կուտակման խնդիրն իր վրա է վերցրել համացանցը։ Հասարակությունը փոխվում է, և այդ փոփոխությունները պայմանավորում են նաև գրադարանային գործի նկատմամբ մոտեցումների վերափոխման անհրաժեշտությունը։ Ժամանակակից պայմաններում հաջողությամբ զարգանում են այն գրադարանները, որոնք նախապատվությունը տալիս են մշակութային-զանգվածային աշխատանքի անցկացման ուղղությամբ աշխատանքի ակտիվ, խաղային, ինտելեկտուալ ձևերին։ Գրադարանի գործունեության մեջ նորարարական ձևերի օգտագործումը բացում է զարգացման նոր հորիզոններ, բարելավում է օգտագործողների սպասարկման որակը, դրականորեն ազդում է գրադարանի ՝ որպես սոցիալապես նշանակալի և ակտիվորեն զարգացող կազմակերպության հեղինակության վրա։ Նորարարությունների իրականացումը գրադարանային համակարգում բարդ է, բայց հետաքրքիր:

Գրադարանի  աշխատանքը

Գրադարանը մշակութային հաստատություն է, որը կազմակերպում է մամուլի,  գիտական, գրական-գեղարվեստական և այլ ստեղծագործությունների, ինչպես նաև տարատեսակ փաստաթղթերի հավաքումը, պահպանումը և հանրային օգտագործումը: Գրադարանները համակարգված կերպով զբաղվում են տպագիր ստեղծագործությունների հավաքագրմամբ, պահպանմամբ, քարոզչությամբ և ընթերցողներին տրամադրում տեղեկատվական, գեղարվեստական, գիտական և մատենագիտական գրականություն, ծառայում են որպես գիտելիքների և ինքնակրթության հանրային աղբյուր ու հիմք:

Ցանկացած գրադարանի աշխատանքի հիմնական ուղղություններն են ՝ գրքային ֆոնդի հավաքագրում և կազմակերպում, ընթերցողների սպասարկում։

Գրադարանի ֆոնդերի հավաքագրումը բաղկացած է այդ գրադարանի համար անհրաժեշտ հրատարակությունների համակարգված նույնականացումից (մատենագիտական աղբյուրներն ու գրականությունը վերանայելով) և դրանց ձեռքբերումից: Ընթերցողների սպասարկման մակարդակը մեծապես կախված է գրադարանի հավաքագրման կազմակերպումից և ամբողջականությունից:

Գրքերի ֆոնդի կազմակերպումը ներառում է գրականության հաշվառման, տեղաբաշխման, պահպանման և ընթերցողին առաքման հարցեր: Գրադարանի աշխատանքի ճիշտ կազմակերպումը հեշտացնում է ընթերցողի կողմից գրականությունից օգտվելը, և օգնում գրադարանավարին՝  նպաստելու ընթերցողի պահանջների արագ կատարմանը, ինչպես նաև ապահովում է ֆոնդերի՝ որպես հանրային սեփականության անվտանգությունը։

Գրադարանի ընթերցողների սպասարկումն իրականացվում է տարբեր եղանակներով․

— գրականության տրամադրում ինչպես ընթերցասրահում, այնպես էլ գրադարանից դուրս

— օգնություն անհատ ընթերցողներին և հաստատություններին իրենց անհրաժեշտ գրականության ընտրության հարցում

— գրադարանի գրքային ֆոնդերի բացահայտում գրադարանային գրացուցակների համակարգի միջոցով

-տարբեր տեսակի տեղեկատվական-մատենագիտական ձեռնարկների կազմում

— առավել արժեքավոր գրականության քարոզչություն

— ընթերցողների պատվերով տեքստերի վերարտադրություն և այլն:

Գրադարանային գործունեությունը կապված է մեծ թվով գործողությունների հետ, շատ գրքեր և ընթերցողներ լրջորեն դանդաղեցնում են գրադարանավարների աշխատանքը: Կատալոգում ցանկալի գիրքը գտնելու դժվարությունը երկար ժամանակ է պահանջում և ամբողջովին հիմնված է գրադարանի աշխատողների իրավասության ու իրազեկության վրա:

Գրադարանում պահվում է ընթերցողների քարտարանը: Գրադարանային գրացուցակները պահպանելու, պահանջվող հրատարակությունների և գրադարանային վիճակագրության որոնումը կազմակերպելու համար տվյալների բազայում պետք է պահվեն տեղեկություններ, որոնց մեծ մասը տեղադրվում  է ծանոթագրված կատալոգային քարտերում:

Գրադարան են բերվում բազմաթիվ գրքեր տարբեր հրատարակչություններից։ Գրադարանի յուրաքանչյուր գրքին տրվում է համար: Այնուհետև փոխանցվում է տարբեր բաժինների: Գրքի ստացման ժամանակ հաշվի են առնվում այնպիսի տվյալներ, ինչպիսիք են՝ ստացված գրքի համարը, գրքի անվանումը, հրատարակչության անվանումը, որից ստացվել է գիրքը, այն բաժինը, որտեղ հանձնվել է գիրքը, հրատարակչությունների հասցեներ, հրատարակչության անվանումներ, գրադարանի բաժինների անվանումը և գտնվելու վայրը:

Նախատեսվում է գրքերի տրամադրման և հանձնման, նոր գրքերի և ընթերցողների գրանցման, ինչպես նաև առկա գրքերի վերաբերյալ տեղեկատվության պահպանման, գրադարանի աշխատակիցների, գրադարանի պահոցի աշխատակիցների և ընթերցողների վերաբերյալ տվյալների ավտոմատացում:

Գրադարանում պահվող յուրաքանչյուր գիրք ունի հետևյալ ընտրանքները՝  հեղինակ, հրատարակություն, հրատարակման տարեթիվ, ժանր, բանալի բառեր, էջերի քանակը:

Գրադարանում պահվում է նաև ընթերցողների ֆայլերի գրադարան: Յուրաքանչյուր ընթերցողի մասին մուտքագրվում են հետևյալ տեղեկությունները՝  լրիվ անվանումը, անձնագրի համարը, հասցեն, հեռախոսահամարը:

Գիրքը վերադարձնելիս ներդիրում նշվում է վերադարձի ժամկետը: Եթե ժամանակին չի վերադարձնում գիրքը, ընթերցողը ստանում է նախազգուշացում: Երբ ընթերցողի քարտում որոշակի սահմանից ավելի նախազգուշացումներ են կուտակվում, նա որոշակի ժամկետով զրկվում է գրադարանից օգտվելու իրավունքից։

Գիրքը կորցնելու դեպքում ընթերցողը որոշակի ժամկետով զրկվում է գրադարանից օգտվելու իրավունքից՝ անկախ նախազգուշացումների քանակից:

Դպրոցական գրադարաններ

Հայաստանի յուրաքանչյուր դպրոցում կա գրադարան և գրադարանավար: Գրադարանավարները պատասխանատու են գրադարանների ռեսուրսների կառավարման, հսկողության, մաքրության, խնամքի, ինչպես նաև դրանց շրջանառության և  վերադարձի համար: Այսօր, ցավոք, դպրոցի գրադարանների տարածքները չափազանց սահմանափակ են, դրանցից շատերում քիչ նստատեղեր կան, իսկ գրքերի պահարանները հաճախ ծանրաբեռնված են և անհրապույր: Դպրոցական գրադարանի ռեսուրսները սովորաբար սահմանափակվում է միայն դասագրքերով և գեղարվեստական գրականությամբ: Դպրոցական գրադարանի ռեսուրսները, ընդհանուր առմամբ, հին են և հաճախ անպիտան: Դպրոցական գրադարանի ռեսուրսները հայերենով սովորաբար սահմանափակ են: Քիչ են նաև ակնկալիքները դպրոցների գրադարաններից առարկայական ուսուցման և ուսումնառության նպատակների տեսանկյունից: Դպրոցական գրադարանը չի դիտվում որպես սովորողների հետազոտական հմտությունների զարգացման խթանիչ հնարավորություն: Դպրոցական գրադարանը չի նպաստում աշակերտակենտրոն ուսումնառությանը, անհատական և փոքր խմբերով սովորողների աշխատանքների ու տարատեսակ նախագծերի կազմակերպմանը: Մինչև այժմ գրադարանն ավելի շատ զբաղվում է սովորողների համար դասագրքերի ձեռք բերման և դրանց շրջանառության կազմակերպման հարցերով, ուստի դպրոցական գրադարանների մասին պատկերացումները սահմանափակվում են միայն դասագրքերի շրջանառության կազմակերպման ֆունկցիայով: Քանի որ դպրոցների գրադարանները այսօր ունեն սահմանափակ տարածք, այն «փակ» են ու անմատչելի, այսինքն` սովորողները չեն կարող ցանկացած ժամանակ օգտվել գրադարանի ընձեռած հնարավորություններից:

Քայլ առաջ դեպի ընթերցանություն կամ ինչպես երեխային դարձնել ընթերցող

Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում գտնվում է շրջակա միջավայրի հետ մշտական շփման և փոխազդեցության մեջ։ Սիջավայրի անընդհատ փոփոխությամբ պայմանավորված` ծագում են նոր խնդիրներ ու պահանջմունքներ։ Եվ ստացվում է այնպես, որ մեր կյանքը կարգավորվում է հասարակության տնտեսական ու սոցիալական կառուցվածքին համապատասխան, և այդտեղ ծանրակշիռ դեր ունեն բարոյական արժեքներն ու չափորոշիչները: Նկատենք, որ բարոյական պատկերացումների ձևավորումը տեղի է ունենում դեռևս մանկական տարիքում և շարունակվում դպրոցական ուսումնառության ընթացքում։ Հայտնի է, որ կրտսեր դպրոցական տարիքում երեխան անվերապահորեն հավատում է այն ամենին, ինչ ասում են մեծերը, և ինչը գրված է գրքերում: Այն բարոյական պատկերացումները, որոնք աշակերտի մեջ ձևավորվում են դպրոցում, դառնում են բարոյական համոզմունքներ։ Դրանք էլ հետագայում դառնում են որոշակի վերաբերմունքի հիմք` իր և ուրիշների նկատմամբ: Այդ խնդրի լուծմանը մեծապես նպաստում է մայրենիի դասընթացը։ Այն իր հիմքում ունի նաև դաստիարակչական նպատակներ` գեղագիտական ճաշակի, աշխատասիրության, ազնվության, ճշտապահության, բարոյական ու կամային, ազգային ու համամարդկային արժեքների ձևավորման առումով: Այդ աշխատանքն իրականացվում է հիմնականում դասային գործընթացում և, իհարկե, արտադասարանային ընթերցանության միջոցով: Գրական ստեղծագործություններին ծանոթանալն ու դրանց ընթերցումը երեխայի զգացմունքների դաստիարակման ինքնատիպ միջոցներ են: Այո՛, մեր օրերում աշխարհը փոխվում է գլխապտույտ արագությամբ: Փոփոխությունների են ենթարկվում ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ տնտեսական արժեքները։ Սակայն այդ ամենին հավասար և հասարակական բոլոր կառույցներին զուգահեռ երերում են նաև դպրոցի ու կրթական համակարգի հիմքերը, քանզի հենց այս կառույցներն են կրում հասարակության բոլոր ելևէջների ազդեցությունը։ Ձևավորվում են տարամակարդակ ընտանիքներ: Երեխաները տարբեր ընտանիքներում տարբեր ձևերով ու մեթոդներով են դաստիարակվում, քանի որ սոցիալական պայմանների արդի բևեռացումն անպայման առաջացնում է վարքագծային և հոգեբանական խիստ տարբեր մոտեցումներ: Արդյունքում ստացվում է մի բազմաշերտ մշակույթ, որն իր խարիսխը գտնում է դպրոցում՝ դաստիարակության նորագույն նախագծերի և մեթոդների ստեղծման անհրաժեշտություն թելադրելով այսօրվա ուսուցչին։ Այս  համապատկերում, ցավոք, լուրջ խնդիր է դարձել «Ի՞նչ անել, որ սովորողները կարդան» հարցը: Այսօր երեխաները հետաքրքրված չեն ընթերցանությամբ, չկա «ուզում եմ» ներքին դրդապատճառը, այլ կա միայն «հարկադրել են» պարտադրանքը։ Իհարկե, դա էլ իր հերթին, պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին՝ շատ երեխաներ այսօր ներամփոփ են: Նրանք ստեղծում են իրենց միկրոաշխարհը, քանի որ ծնողների զբաղվածության պատճառով ընտանիքներում բավարար ուշադրության չեն արժանանում: Այլ կերպ՝ ընտանիքները նրանց համար վերածվում են «հուզական սառնարանների»: Այդ պայմաններում երեխաներին ջերմությամբ պարուրելու բացը լրացնելու պարտականությունը ստանձնում է դասվարը: Պատճառներից մեկն էլ այն է, որ այսօրվա երեխաները սիրում են արագ զարգացող և փոփոխվող իրադարձությունները։ Արագ փոփոխվող աշխարհը և տեղեկատվության շեշտակի աճը հանգեցնում է այն իրավիճակին, որ դասագրքերը և առհասարակ գրքերը երեխաների համար դառնում են ձանձրալի: Այստեղ ևս կարևորվում է դասվարի դերը, քանի որ հենց նա է դասագիրք-աշակերտ հարաբերության միջնորդը: 

Ժամանակակից երեխայի մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ արտաքին աշխարհը շատ արագ է բացվում նրա առջև: Եթե նախկինում երեխաները դանդաղ ու աստիճանաբար էին ճանաչում աշխարհը, ապա այսօր, ՏՀՏ-ների զարգացման արդյունքում, նրանց զգայական աշխարհը և տեղեկատվական գիտելիքները չեն համապատասխանում իրենց տարիքին: Այստեղ էլ բախվում ենք երեխաների վաղ զարգացման իրողությանը: Այս ամենը վկայում է այն մասին, որ ընթերցանության խրախուսումը պետք է իրականացվի նոր և ուշագրավ մեթոդներով ու հնարներով, որպեսզի նվազի արտաքին միջավայրի կողմից վատ ազդակների ներգործությունը: 

Ընթերցողության խրախուսումը սահմաններ չի ճանաչում, և ինչպես ցանկացած գործում, այստեղ ևս նորարարական բազմաթիվ եղանակներ ու հնարներ կան, բայց կա մի պարզ ու անհերքելի ճշմարտություն․ ցանկացած գործ «դատապարտված է» հաջողության, եթե սովորողը դրանից հաճույք է ստանում և կարող է ցուցաբերել նախաձեռնություն։ Ընթերցանությունն ուսուցման միջոցներից մեկն է, ուստի այս դեպքում էլ ճիշտ է սովորողին ազատություն և ընտրության հնարավորություն տալը` գրքի ընտրությունը թողնելով նրան։ Սակայն ինչպե՞ս սովորողներին ծանոթացնել և հասու դարձնել ընթերցասրահի գրքի պաշարներին, և ինչպե՞ս վարվել, որ նրանց մեջ այդ գրքերը կարդալու հետաքրքրություն և ցանկություն առաջացնեն: 

Որսպեսզի տարրական դասարանների աշակերտներին օգնենք գրքերի աշխարհում կատարել իրենց առաջին լուրջ քայլերը, և այդ աշխատանքը հետաքրքիր, բազմազան և հրապուրիչ լինի, նպատակահարմար կլինի ստեղծել ընթերցանության սրահարների «Ընթերցող» մանկական ակումբ։ Ակումբում կարելի է կազմակերպել ընթերցված ստեղծագործությունների քննարկումներ, գրքերի փոխանակումներ, ընթերցողների միջև մրցույթներ, ընթերցողական օրագրերի նոթագրումներ։ Այդտեղ շատ ավելի կարևոր է այն, որ ակումբում հաճախակի կազմակերպվեն հանդիպումներ հետաքրքիր մարդկանց, գրողների, մանկագիրների ու  լրագրողների հետ: Ակումբային աշխատանքի հիմքում ընկած կլինի լրացուցիչ կրթություն ստացող սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների գործունեության տարբեր ձևերի ներառումը: Այս գործընթացի արդյունավետությունը կնպաստի բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ինչն էլ, իր հերթին, կծառայի կրտսեր դպրոցականների հոգևոր-բարոյական մշակույթի ձևավորմանը: 

Ընթերցանության խրախուսիչ մեթոդներից մեկն էլ քննարկումներն են: Ժամանակ առ ժամանակ ընթերցարաններում կարելի է կազմակերպել գրքերի քննարկումներ: Սովորողներն իրենց սիրելի գրքերի մասին նախապես պատրաստում են նյութեր, պատմում են, թե ինչեր են սովորել գրքերից: Նման դեպքերում սովորաբար ծավալվում է ակտիվ քննարկում. սովորողները լրացնում, ստուգում են միմյանց, հարցերի միջոցով գտնում և բացում մութ անկյունները: Նման քննարկումները, որպես կանոն, անցնում են շատ ակտիվ մթնոլորտում: Դրանք արդյունավետ են, որովհետև սովորողները, տեղեկանալով այս կամ այն գրքի մասին, ցանկանում են կարդալ այն: 

Ինքնուրույն ընթերցանության դասընթացներին կարելի է իրականացնել նաև «Իմ ընթերցարանը» շարունակական նախագիծը, որի յուրաքանչյուր թողարկման ընթացքում ուսուցիչը համառոտ պատմում է մի որևէ հեքիաթ, բայց չի ավարտում: Սովորողներին առաջարկվում է ընթերցել հեքիաթի ավարտը և «կարծիքներ» բաժնում գրառումներ կատարել: Իբրև խրախուսում՝ աշակերտները, արժանանում են տարբեր մրցանակի: 

Ուսումնասիրելով ժամանակակից ընթերցավարների փորձը կիրառել եմ նաև խաղ-ընթերցանություն հայտնի մեթոդներից մեկը։ Ընթերցանությունը կազմակերպվեց հետևյալ կերպ. սովորողների առջև դրվեցին ընթերցարանի բոլոր գրքերը՝ նրանց ազատ ընտրության հնարավորություն տալով: Երբ բոլորն ընտրել էին իրենց գրքերը, սահմանվեց ընթերցանության համար ժամանակ` պայմանով, որ յուրաքանչյուր աշակերտ իր կարդացած գրքից պետք է առանձնացնի փոքրիկ հատված` բարձրաձայն ընթերցելու համար: Տրված ժամանակը լրանալուց հետո սովորողներն ընթերցեցին իրենց ընտրած հատվածները։ Այնուհետև կազմվեցին խմբեր, որոնք պետք է լսած նյութերի հիման վրա հորինեին սեփական պատումները: 

Ինչպես փորձը ցույց տվեց, աշխատանքն անչափ հետաքրքիր ու գրավիչ էր սովորողների համար, նրանք դասի սկզբից մինչև վերջ ոգևորված էին և հետաքրքրված. դասից հետո գրեթե բոլոր աշակերտներն իրենց համար առանձնացրին գրքեր` տանն ընթերցելու համար։ 

Տարրական դասարանների մայրենիի ընթերցարաններում ընդգրկված գեղարվեստական ստեղծագործութթյունների մի զգալի մասի համար կարելի է ստեղծել ասմունքի ձայնագրությունների հավաքածու, և այն օգտագործել որպես մատուցվելիք նյութի ներկայացման հիմնական ձև։ Ուսուցիչն այս դեպքում համապատասխան նախապատրաստական զրույց է անցկացնում առաջադրված նյութի հիմնական թեմայի շուրջ, և աշակերտների կողմից առավել խոր ընկալման ակնկալիքով, իր ընթերցման փոխարեն ներկայացնում է արտիստի կամ ասմունքողի կատարման ձայնագրությունը,որոնք այսօր այնքան շատ են համացանցում : Անկասկած, այս ընթերցումն ավելի գեղարվեստական, բարձրարվեստ ու տպավորիչ կարող է լինել, քան ուսուցչի ընթերցումը։ Սակայն այստեղ կարևորը ոչ միայն դասի կազմակերպական նորացումն է, այլև երեխաներին խոսքարվեստի այս ձևին ծանոթացնելը։ Մայրենի լեզվի արտիստիկ ներկայացումը առավել տեսանելի է դարձնում դրա գեղեցկությունը, քաղցրությունն ու հմայքը: Սա, անշուշտ, անփոխարինելի կրթադաստիարակչական նշանակություն ունի, ինչն էլ, իր հերթին, կբարձրացնի սովորողների՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը: 

Ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու գործում անչափ կարևորում ենք արտադասարանական միջոցառումները, որոնց կազմակերպման դրդապատճառները ևս պայմանավորված են ուսումնական նպատակներով: Նման աշխատանքները թև ու թռիչք են տալիս երեխաների երևակայությանը հատկապես այն ժամանակ, երբ ուսուցիչն ընդունում է նաև իրենց առաջարկությունները։ Իսկ աշակերտները երբեմն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք խոսում են ժամանակակից երեխայի վառ անհատականության, անմիջականության և համարձակության մասին: 

Անկասկած, մատաղ սերնդի դաստիարակության, նրանց մեջ բարոյական արժեքների ձևավորման գործընթացում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին, ընտանեկան ընթերցանություն ընթերցողական կարողության ձևավորման հիմնական խնդիրներից մեկն է։ Այն հոգևոր-բարոյական դաստիարակության կարևորագույն միջոցներից է: Այդ ընթացքում սովորողները ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում, այլև ձևավորում են այնպիսի գաղափարներ, համոզմունքներ ու հայացքներ, որոնց վրա հենվում են ընտանիքի ամրությունը, հարաբերությունների մաքրությունը, բարու և չարի մասին տեսակետները: Այդ ճանապարհով գրականությունը մտերմացնում է նաև ընտանիքի անդամներին։ Կտրուկ փոխվել է հասարակական կյանքն այնպես, որ հեռուստասերիաների օրերում մոր բարձրաձայն ընթերցանությունն ընտանիքում դարձել է հազվագյուտ դեպք: Պետք է պահպանել և զարգացնել համատեղ ընթերցանության պրակտիկան, խրախուսել ընտանեկան նախագծերը՝ ընտանիքի անդամներով սիրելի հեղինակների ստեղծագործությունների ընթերցումն ու ձանյանգրումը, տեսանյութի պատրաստումը։  Սա է այն կարևոր խնդիրներից մեկը, որը դրված է ընթերցանության ուսուցման, տարածման ժամանակակից մեթոդիկայի առջև: Գոհունակությամբ կարող ենք նշել, որ այժմ այդ խնդիրները որոշակիորեն կարգավորվում են։ Այդ է վկայում կրտսեր դպրոցում սովորողների համար ժամանակակից քրեստոմատիան՝ «Գիրք ընտանեկան ընթերցանության համար»։ Այս գրքի հեղինակները դիմում են երեխային. «Փոքրի՛կ ընթերցող, առաջարկի՛ր ընտանիքիդ անդամներից յուրաքանչյուրին` նստել սեղանի շուրջ, միասին կարդալ կամ ունկնդրել այն ստեղծագործությունների ընթերցանությունը, որոնք ներառված են այս քրեստոմատիայի մեջ»: 

Ինչպես նախկին, այնպես էլ մի քանի գործող դասագրքերում կան կոնկրետ առաջադրանքներ, որոնց պահանջն այն է, որ երեխաները, օգտվելով ընտանեկան գրադարանից, մեծերի հետ միասին քննարկեն կարդացածը։ Օրինակ, եթե պետք է երեխային բացատրել, որ նա վատ խոսքեր է ասել որևէ մեկին, և անհրաժեշտ է ներողություն խնդրել, լավ կլինի ոչ միայն բացատրել նրան իր արարքի անթույլատրելիությունը, այլև նրա համար կարդալ այնպիսի հեքիաթ, որը կունենա հոգևոր-բարոյական համապատասխան բովանդակություն: Ինչևէ, որքան էլ դժգոհենք մեր աշակերտների վարքային դրսևորումներից և մտահոգվենք, որ ուսուցիչն այսօր նույն ազդեցությունը չունի, միևնույն է, չենք կարող նաև ժխտել, որ մեր երկրի ապագա քաղաքացիների անձնային որոշ որակներ ձևավորվում են հենց դպրոցում: Այստեղ են կերտվում նրանց մատաղ հոգիները։ Ուսուցիչն էլ այս պարագայում դառնում է հոգու ճարտարապետ: Ուստի նրա վարպետության մակարդակով, մանկավարժական հմտությամբ, տակտով և մարդասիրությամբ է պայմանավորվում 21-րդ դարում ապրող երեխայի ապագան։ Դրա համար էլ կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին` լինել առավել համբերատար, հանդուրժող, լավատես և հանդես չգալ միայն ժամանակակից երեխայի առանձնահատկությունները քննադատողի դերում: Գուցե մեր անսահման սիրով, հոգու ջերմությամբ, պատասխանատվության գիտակցումով, մարդասիրությամբ, հոգատարությամբ, կենսուրախությամբ և էթիկայով փորձենք գտնել երեխայի հոգու գաղտնարանները տանող բանալին: 

Աշակերտ, գրադարանավար, ուսուցիչ կապ

Քննարկման ենթակա չէ այն, որ ընթերցելու բնույթը փոխվել է վերջին տասնամյակում՝ էլեկտրոնային շարժական սարքերի, էլեկտրոնային մուլտիմեդիա կայքերի, թվայնացված գրքերի, ինտերակտիվ գծապատկերների և սոցցանցերի զարգացումներով: Բայց արդյո՞ք տարրական դպրոցներում էլ է փոխվել կարդալ սովորեցնելու ձևը: Ի՞նչ պետք է ուսուցիչներն անեն, որպեսզի սովորողներին նախապատրաստեն ժամանակակից իրական ընթերցանությանը: Մինչև հիմա ընդհանուր համաձայնություն չկա այս հարցում, թե ինչպես պետք է ներառել թվային սարքերով աշխատելու կարողությունները գրագիտության ուսուցանման մեջ: Գործող ուսուցիչները քիչ ուղենիշներ ունեն, և նրանցից շատերն իրենց դասերը պարզապես հարմարեցնում են նոր իրողությանը իրենց հայեցողությամբ: Գրագիտության ուսուցանման շատ փորձագետներ էլ գոնե մեկ բանում ընդհանուր համաձայնության են եկել. բոլոր սովորողները՝ նույնիսկ ամենակրտսերները, պետք է միաժամանակ սովորեն և′ տպագիր, և′ թվային տեքստերով: «Հենց այնպես, ինչպես մենք կրտսեր տարիքի երեխաներին սովորեցնում ենք գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսքը հասկանալը, կարող ենք խոսել նախադպրոցական և մանկապարտեզային տարիքի երեխաների հետ. սա այն տեքստն է, որի էջերը շրջում ենք, իսկ այս տեքստի տարբեր էջերին կտտացնում ենք», — ասել է Ֆորդհեմ համալսարանի անգլերենի ուսուցման և ժամանակակից գրագիտության դոցենտ Քրիսթեն Հոլին: Շատերի կողմից է ընդունված, որ վաղ հասակում սովորողներին իրական ու ժամանակակից ձևով կարդալ սովորեցնելու եղանակը միաժամանակ տպագիր և թվային տեքստեր տալն է: «Սա այն ձևն է, որով մարդիկ ժամանակակից աշխարհում կարդում, գրում, հաղորդակցվում և սովորում են, և ուրեմն երեխաներն էլ պետք է սկսեն նույնկերպ սովորել ամենասկզբից», — ասել է Կոլորադոյի համալսարանի գրագիտության ուսուցանման դոցենտ Բրիջիտ Դալտոնը, «չի կարելի սպասել, մինչև նրանք լավ յուրացնեն կարդալու մի ձևը և հետո անցնեն մյուսին: Դա համաժամանակյա զարգացում է»: Բայց ինչպես փորձագետներն են ասում, դժբախտաբար այդ ձևով ուսուցման անցումը շատ վայրերում դանդաղ է իրականացվում: «Կարդալ» բառը տարրական դասարաններում դեռ հաճախ վերաբերում է միայն տպագրին: Ըստ կրթության զարգացման ազգային գնահատման 2015 թվականի հարցման տվյալների՝ 4-րդ դասարանցիներից օրական միայն 10-ից մեկն է համակարգիչ օգտագործում, որպեսզի հասանելի լինի ընթերցանության համար նախատեսված կայքերին: Չորրորդ դասարանցիների մոտավորապես 30%-ը երբեք, կամ գրեթե երբեք այդպիսի էլեկտրոնային տեքստեր կարդալու համար համակարգիչ չի օգտագործում դպրոցում։  Հավելում Տպագրային ունակություններին կրտսեր դպրոցի սովորողներին տպագիր տեքստ կարդալու հիմնարար ունակություններ սովորեցնելու արդեն իսկ դժվար աշխատանքին թվայնացված տեքստեր ավելացնելը կարող է վհատեցնող լինել: Նույնիսկ թվայնացված դարում ծնված սովորողները կարիք ունեն մի խումբ նոր ունակությունների ձեռքբերման, ինչը ներառում է նոր սարքեր ու առցանց գործիքներ աշխատացնելուն, ուշադրություն կենտրոնացնելուն, անվտանգության և անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելուն: «Դժվար է մեզ համար: Լինելով ուսուցիչներ՝ ինքներս ենք նոր միայն գիտակցում, թե որքան է փոխվել մեր ընթերցելն ու գրելը առօրյա կյանքում», — խոստովանել է Ֆրենկի Սիբերսոնը՝ երրորդ դասարանի ուսուցիչը, Դուբլինից, Օհայո նահանգ, ով նաև անգլերենի ուսոուցիչների ազգային խորհրդի փոխնախագահն է: Շատերն են այն կարծիքին, որ տեխնիկական ունակություններ սովորեցնելու ամենալավ ձևերից մեկը մոդելավորման միջոցով է լինում: Ուսուցիչները կարող են իրենք գործածել տեխնոլոգիան և միաժամանակ էլ բարձրաձայն ասել, թե ինչ են անում: Չիկագոյի առաջին դասարանի ուսուցիչ Քրիստին Զիմկեն էլ այսպես է արտահայտվել. «Այս շաբաթ մենք կարող ենք թղթե տպագիր գիրք կարդալ, իսկ հաջորդ շաբաթ կարող եմ անցնել իմ ընտրած «Kindle»-ին (էլեկտրոնային գրքերի հավաքածու): Ես ուզում եմ, որ իմ աշակերտները տեսնեն, թե ինչպես եմ ես էլեկտրոնային գրքի էջը առաջ և հետ շրջում: Կարիք չկա, որ յուրաքանչյուր սովորող՝ հատկապես ամենակրտսերները, ունենա իր սեփական համակարգիչը դասարանում: Մեկ համակարգիչը իր պրոյեկտորով ամեն ինչ փոխում է և՛ ուսուցիչների, և՛ սովորողների համար»: «Կրտսեր սովորողների համար բոլորովին էլ դժվար չէ տպագիր բառերից ու տեքստից հայացքներն ուղղել էկրանին: Դա իրենց աշխարհընկալման բնական ձևի ընդլայնում է: Դա այն է, ինչին առերեսվում են իրենց կենցաղում», — ասել է Կարեն Պելեքիսը՝ առաջին դասարանի ուսուցիչը՝ Սքարսդեյլից:

Դպրոցի գրադարանի զարգացում  և պայմանների ստեղծում

Հայաստանի դպրոցների գրադարանները հնարավոր չի լինի կարճ ժամկետներում մերձեցնել արևմտյան Եվրոպայի դպրոցական գրադարանների նույն չափորոշիչներին, սակայն ժամանակի ընթացքում դա հնարավոր է իրականացնել` պատշաճ ֆինանսավորման և դպրոցների գրադարանների դերի առավել կարևորման պայմաններում: Եթե իրականացումները պահանջում են երկար ժամանակահատված, ապա դրանց ընձեռումը և դպրոցական գրադարանների զարգացման պլանավորումը հանարավոր է մեկնարկել արդեն այսօր: Ստորև բերվում են ընդհանուր 12 չափորոշիչները, որոնք իրատեսորեն պետք է ներառվեն գրադարանների զարգացման պլաններում: Դրանցից որոշ մասերի իրականացումները կպահանջեն ավելի երկար ժամանակահատված:

Դպրոցական գրադարանը պետք է լինի լավ ֆինանսավորված, ընդարձակ, մաքուր և գրավիչ: Գրադարանը պետք է լինի դպրոցի «սրտում»-կենտրոնում, այսինքն` սովորողների ուսումնառության համար բարենպաստ տարածքում: Գրադարանը պետք է ունենա բավարար տարածք (աթոռներ և դասասեղաններ), որպեսզի կարողանա դպրոցի սովորողների 10%-ին միաժամանակ տեղավորել: Դպրոցի գրադարանավարը պետք է լինի լավ վերապատրաստված, գիտակ և ակտիվ` սովորողների ակտիվ ուսուցման և ուսումնառության գործընթացներին նպաստելու համար: Դպրոցի տնօրենը և ուսուցչական կազմը պետք է ակտիվ աջակցեն դպրոցի գրադարանի դերի բարձրացման խնդրին, և պետք է համագործակցեն դպրոցի գրադարանավարի ու գրադարանից օգտվողների հետ, որպեսզի սովորողների մոտ զարգացնեն ինքնուրույն ուսումնառության և տեղեկատվության որոնման հմտությունները: Դպրոցի գրադարանի ռեսուրսները պետք է պարունակեն տարբեր տեղեկատվական աղբյուրներ. գրքեր, ժողովածուներ, ամսագրեր, ամենօրյա թերթեր, համակարգչային ծրագրեր, տեսաերիզներ, աուդիոնյութեր, ինտերնետային կապ և այլն: Դպրոցական գրադարանները պետք է հագեցած լինեն  տարբեր  ՏՀՏ սարքավորումներիով՝ համակարգիչներով, տպիչներով, սկաներով, հեռուստացույցով, տեսաերիզներով և այլն: Գրադարանի հագեցվածության ԵՄ-ի կողմից ընդունված չափանիշը հետևյալն է. 13 անվանում աղբյուր հիմնական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի համար, և 8 անվանում` տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի համար: Հայաստանում գրադարանների զարգացման ներկա փուլում այս չափանիշը իրատեսական չէ, սակայն այն պետք է ընդունվի որպես նպատակային թիրախ: Գրադարանը պետք է ունենա համակարգչային գրացուցակ, որը կընդգրկի ոչ միայն ուսումնական ծրագրերով պահանջվող նյութերը, այլ նաև կունենա լայնածավալ այլ հնարավորություններ: Դպրոցի գրադարանը պետք է ունենա համակարգչային ցանց և ինտերնետային կապ, որը հասանելի կլինի բոլոր օգտվողներին, այդ թվում այն պետք է ապահովի դպրոցի ներքին և արտաքին ռեսուրսների որոնման OPAC համակարգը: Իդեալական տարբերակով նախքան ավագ դպրոցի գրադարանի նախագծումը պետք է հաշվի առնվեն բոլոր առկա պահանջները: Սա անհավանական է թվում շատ դեպքերում, սակայն հնարավոր է ստեղծել նոր դիզայն գրադարանների համար, օրինակ՝ երբ ստեղծվում է լրիվ նոր գրադարանային դասասենյակ, կամ դասասենյակը վերակառուցվում է գրադարանի: Սույն ձեռնարկի հատվածներից մեկը ներկայացնում է գրադարանի նախագծման տարբերակները հենց սկզբնական փուլից` այն ամենը, որի մասին անհրաժեշտ է մտածել նմուշային պլաններում և նախագծերում:

Գրականության ցանկ`

1․ https://gradaranblog.files.wordpress.com/2017/01/uxecuyc-gradaranavarneri-hamar-1.pdf?fbclid=IwAR3jo_1UPd3GwolRzQH3p669V-cYB_epoKRgYzRLkDiGbj7n8t9OxuRVaj4

2․  https://gradaranblog.files.wordpress.com/2013/09/handbook_hy.pdf

3․  https://studbooks.net/2175866/informatika/osnovy_bibliotechnoy_deyatelnosti

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *