Ժողովրդական խաղիկները փոքր ծավալի, ավելի հաճախ՝ քառատող, լիրիկական երգեր են՝ հորինված հոգեկան տարբեր վիճակների և հասարակական բազմազան երևույթների անմիջական ազդեցության տակ: Յուրաքանչյուր խաղիկ արտահայտում է մի ամբողջական միտք, տրամադրություն, հանգավոր է և գեղարվեստորեն ավարտուն:
Խաղիկների թեմաները բազմաթիվ են՝ սիրային, աշխատանքային, կենցաղային, օրորոցային և այլն: Խաղիկների հիմնական ու գլխավոր թեման սերն է, որոնցում արտահայտված են գյուղական երիտասարդության հուզաշխարհի ու հոգեկան ապրումների տարբեր իրավիճակներ։ Խաղիկներում սերը երբեմն ստանում է որոշակի սոցիալական իմաստ, հաճախ զուգակցվում է աշխատանքին, սիրահար զույգերը գովում են իրար առտնին ու երկրագործական աշխատանքի մեջ, որն էլ ազնվացնում ու ամրապնդում է նրանց սերը։ Ժողովրդական խաղիկները փոխանցվել են սերնդեսերունդ բերանացի կամ երգերի միջոցով:
Ձեր տան տակին վար կանեմ,
Չար ագռավին քար կանեմ.
Թող իմ սիրածն ինձի տան,
Գժությունս թարգ կանեմ:
Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրածն ինձ չտա,
Աստծու կրակն երեսին:
Սարերի հովին մեռնեմ,
Շեկ յարիս բոյին մեռնեմ,
Երեք օր ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ:
Ամպել ա, ձուն չի գալիս,
Մթնել ա, տուն չի գալիս.
Էս անտեր բարձի վրա,
Առանց յար քուն չի գալիս:
Ա′յ տղա, տավարած տղա,
Ա′խ զոռով ճարած տղա,
Օթախ սրբեմ, շոր քցեմ,
Նստի′ր բեզարած տղա:
Արազը հեշտացել ա,
Ճամփեքը կոշտացել ա,
Խաբար տարեք իմ յարին
Առնողս շատացել ա:
Կանաչ արտը հաց տարա,
Յարիս տեսա ետ դառա.
Խնձոր տվավ ես չառա,
Էս ի՞նչ բեբախտ յար դառա:
Ջուրը ջրին առել ա,
Մատս ղալամ տարել ա.
Էն թուխ բեղավոր տղեն
Ուշն ու միտս տարել ա:
Կարբի ընկել ա հովը,
Յարս ընկել ա ծովը.
Աստված սիրեք, ջահելնե′ր,
Ինձ քցեք յարիս քովը:
Կայնել ես աղբերակին,
Շող կտաս արեգակին,
Քո շող երեսին մեռնեմ,
Ունքերիդ աղեղնակին:
Կայնել ես վարդի հովին,
Քամին տա կրծքիդ մովին,
Երեսիդ շողին մեռնեմ,
Աչքերիդ կապույտ ծովին:
Ա՜յ, հեվա հեվա սիրտըս,
Ճնճղկան թև ա սիրտըս․
Քան պուտը կարմիր չկա
Բաց անեմ սև ա սիրտըս։
Աղբյուրը՝ Գր. Գրիգորյան, Հայ բանահյուսություն, Երևան, 1974թ