Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889 թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ։ 1938—1939 թվականներին «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։
Ո՞րն է էպոսի վիպասացների (ասացողների) բուն հայրենիքը, պատմական Հայաստանի որ գավառներում են պատմել էպոսը, ինչպես է այն անցել Արևելյան Հայաստան
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX—XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX—XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։
Հայ գրողներից, բանաստեղծներից ովքե՞ր են մշակել հայ ժողովրդական էպոսը, թվարկի՛ր նրանց ստեղծագործությունները
- Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ», Թիֆլիս, 1903, 40 էջ։
- Լևոն Մանվելյան «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք (դրամատիկական պոեմ)», Թիֆլիս, 1905։
- Ավետիք Իսահակյան «Սասմա Մհեր», Վիեննա, 1922, 54 էջ, 2-րդ հրտ., Երևան, 1938, 42 էջ։
- Եղիշե Չարենց «Սասունցի Դավիթը», Երևան, 1933, 28 էջ։
- Վաղարշ Վաղարշյան «Սասունցի Դավիթ (ողբերգություն)», Երևան, 1938, 232 էջ։
- Հմայակ Սիրաս «Սասունցի Դավիթ», Երևան, 1939, 151 էջ։
- Կարապետ Սիտալ «Սասնայ ծռեր», Ֆիլադելֆիա, 1939, 1946։
- Սարմեն «Խանդութ Խաթուն», Երևան, 1940, 46 էջ։
- Սողոմոն Տարոնցի «Դավթի երգը», Երևան, 1946, 141 էջ։
- Մկրտիչ Խերանյան «Սասնա տուն», Երևան, 1958, 300 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2014, 448 էջ։
- Նաիրի Զարյան «Սասնա Դավիթ», Երևան, 1966, 198 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2016, 272 էջ։
- Յակոբ Օշական «Սասունցի Դավիթ (քնարախաղ)», Բեյրութ, 1984, 40 էջ։